среда, 7 декабря 2016 г.

ԴԱՆԻԻԼ ԽԱՐՄՍ Տեսողական խաբկանք

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։
Սեմյոն Սեմյոնովիչը նորից դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։
Սեմյոն Սեմյոնովիչը չի ցանկանում հավատալ այդ երեւույթին, դրա համար էլ այդ երեւույթը համարում է տեսողական խաբկանք։

Ձախողված ներկայացում

Բեմ է գալիս Պետրակով-Գորբունկովը, ուզում է ինչ֊որ բան ասել, բայց զկրտում է։ Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է գնում։
Մտնում է Պրիտկինը։
Պրիտկին
Հարգարժան Պետրակով-Գորբունկովը պետք է հայտ․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։ Մտնում է Մակարովը։
Մակարով
Եգոր․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է Սերպուկովը։
Սերպուկով
Որպեսզի չլինի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է Կուրովան։
Կուրովա
Եթե ես լինեի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է փոքրիկ աղջիկ։
Փոքրիկ աղջիկ
Հայրիկը խնդրեց փոխանցել, որ թատրոնը փակվում է։ Բոլորիս սիրտը խառնում է։

Վարագույր

Պատահար փողոցում

Մի մարդ թռավ տրամվայից, բայց այնքան անհաջող, որ մեքենայի տակ ընկավ։ Երթևեկությունը կանգ առավ, ու ոստիկանը անցավ պարզելու դեպքի պատճառները։ Վարորդը ինչ-որ բան էր երկար բացատրում՝ մատով ցույց տալով անիվները։ Ոստիկանը շոշափեց անիվները ու գրքույկում գրեց փողոցի անունը։ Մարդիկ սկսեցին հավաքվեցին։ Մարած հայացքով ինչ-որ մեկը անընդհատ գլորվում էր ուղեսյունից ներքեւ։
Ինչ-որ կին հա զննում էր մի այլ կնոջ, որն էլ իր հերթին, հա զննում էր առաջինին։ Հետո մարդիկ ցրվեցին, ու երթեւեկությունը վերականգնվեց։ Մարած հայացքով մարդը, դեռ երկար գլորվում էր ուղեսյունից ներքև, բայց ի վերջո, նա էլ, հիասթափվեց ուղեսյան վրա հաստատվելու մտքից, ու պառկեց մայթին։ Այդ պահին, ինչ-որ մեկը, որ աթոռ էր տանում, ողջ թափով հայտնվեց տրամվայի տակ։ Նորից եկավ ոստիկանը, նորից մարդիկ հավաքվեցին , ու երթևեկությունը նորից ընդհատվեց։ Ու մարած հայացքով մարդը նորից սկսեց գլորվել ուղեսյունից ներքև։ Բայց հետո ամեն ինչ հանդարտվեց, ու նույնիսկ Իվան Սեմյոնովիչ Կարպովը թեքվեց դեպի ճաշարան։

Комментариев нет:

Отправить комментарий